Ճամփորդությունների, ճամբարների կազմակերպում

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

     Ճամփորդությունների, ճամբարների կազմակերպումը

Ներածություն

Ճամփորդությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նախագծային ուսուցման կարևոր բաղադիչներից է, իսկ  հայրենագիտությունը՝ առանց ճամփորդության, հնարավոր չէ կազմակերպել։ Հայրենագիտության ուսումնասիրության առարկան հայրենիքն է, և այդ հայրենիքը սիրելու համար՝ ճանաչել է պետք, իսկ ճանաչելու համար՝ ճամփորդել։ Կրթահամարը ճամփորդելու հնարավորություն է տալիս բոլոր դասարաններին, բոլոր առարկաների շրջանակներում։ Ուրեմն՝ հայրենիքը ճանաչելու և զգալու համար արտագնա պարապմունքները անհրաժեշտություն են։ Այո, հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից․ որքան լավ ես ճանաչում այն, այնքան շատ ես սիրում։ Սիրում ես, որովհետև հասկանում ես նրա գինը՝ անգին լինելը։ Արժեքը սկսվում է մեր բակից, գյուղից, քաղաքից և ձգվում է մինչև այն հեռավոր անկյունները, որոնք մենք փորձում ենք բացահայտել, թփի ու մացառի մեջ պահված, դարերով թաքնվածը գտնել ու խենթանալ, ու սիրահարվել։ Ո՛նց չխենթանաս, երբ կիլոմետրերով պետք  է քայլես, որ հասնես, տեսնես, հասկանաս ժամանակի անզոր լինելը՝ պատմամշակութային կոթողի կանգունության հանդեպ։ Ո՛նց չխենթանաս, երբ գիտես, թե քանի՛, քանի ասպատակությունների է դիմակայել քո հայրենի երկիրը, բայց իր թաքուն անկյուններում պահել-պահպանել է այնքա՛ն գանձեր, որոնց տերերը մենք ենք, մեր երեխաներն են։ Ուրեմն՝ ճանաչել ու սիրել, ճանաչել ու ճանաչել տալ մյուսներին, բոլորին։ Ահա ճամփորդությունների նպատակը։

Ես ճամփորդ եմ՝ արշավական։ Սիրում եմ իմ երկիրը, մեր լեռները, դաշտերը, հորիզոնները։ Իմ բոլոր սովորողները գիտեն դրա մասին։ Եվ վարակիչ է իմ հիացմունքը․ փոխանցվել է նրանց։ Փորձում են նաև ընտանիքների հետ շատ վայրերում լինել, որ պատմեն ինձ, որ գոնե մի տեղ ես  եղած չլինեմ և շարժեն իմ հետաքրքրությունը և․․․Որոշված է նոր ուղղություն, իսկ ուղեկցորդը ինքը լինի։

Կարծում եմ՝ արդեն պարզ է, թե ինչու՞ հենց այս թեման ընտրեցի․ այն իմ ապրելաձևն է՝ ես դրանով ապրում եմ։ Ահա թե ինչու՞ եմ ես իմ աշխատանքը սիրում, որովհետև միշտ գնում եմ նոր ճանապարհներ որոնելու, գտնելու։ Իսկ կրթահամալիրը դա թույլ է տալիս, ավելին՝ կարևորում է ուսումնական ճամփորդությունների դերը։

Գնանք միասին ճամփորդելու։ Բայց սպասեք դեռ։ Ճամփորդելուց առաջ պետք է պատրաստվենք կարգին։ Դե ինչ, սկսեցինք։

 

 

 

Բաժին 1
Հետազոտական աշխատանք

Ճամփորդությունների կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Ուսումնական ճամփորդությունները  (այսուհետ` ճամփորդություն)  կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով), և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են (Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման կարգ

Ճամփորդության կազմակերպումը նախագծային ուսուցման բաղադրիչ է, ինչն էլ թելադրում է, որ այն պետք է ունենա նպատակ՝ ինչու՞ են  այցելում այդ վայր։ Պետք է նախապես գծել երթուղին, նախագծում առաջ բերել խնդիրները, որոնք պատրաստվում են  լուծել այս ճամփորդությամբ։

Բաժին 2

                                 Ճամփորդությունների կազմակերպման  ընդհանուր կարգ

Ճամփորդությունը ուսումնական պարապմունք է, որը իրագործվում է դասարանից, դպրոցից դուրս։ Մեր երկիրն ինքնին մի դասարան է, որը անընդհատ կարիք ունի բացահայտվելու, ինչն էլ դառնում է հայրենագիտական ճամփորդության նպատակ։ Ճամփորդությունը ունի բովանդակություն։ Ճամփորդությունները՝ իրենց հերթին, կարող են լինել բազմաբնույթ՝ հետազոտական, իմացական, ճանաչողական, բանահավաքչական, բնապահպանական, կրթական փոխանակումներով պայմանավորված՝ նոր կապերի ստեղծում, մշակութային, գյուղական ճամբարներ, որևէ ծեսի իրագործման շրջանակներում, բարձունքի հաղթահարման նպատակով և այլն։ Ճամփորդությունները լինում են մեկօրյա և բազմօրյա։ « Ճամփորդության տևողությունը որոշվում է ըստ ճամփորդության նպատակի, խնդիրների, մասնակիցների տարիքի և ֆիզիկական պատրաստվածության։ Մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ-ը »,- պահանջում է ուսումնական ճամփորդութան կարգը։

Ինչպես և թելադրում է կարգը, ճամփորդությունները իրականացվում են նախապես որոշված նախագծով, որի բաղադրիչներից է հետազոտական


աշխատանքը՝ ուսումնասիրությունը այցելվող վայրի շուրջ։ Համացանցի օգնությամբ, ուսուցչի կամ ընտանիքի ներկայացմամբ հավաքվում է տեղեկություն, տեղադրվում բլոգներում։ Այնուհետև պետք  է որոշել ելակետից վերջնակետ ուղղու հեռավորությունը՝ Google Maps ծրագրի միջոցով։ Առաջարկվող  հավելվածներ՝

Ճամփորդը պետք է իմանա, թե քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում այցելվող վայրը, և որքան ժամանակ կպահանջվի այնտեղ հասնելու համար, որին պետք է գումարվի նաև կանգառներում անցկացվող ժամանակը։

Շատ կարևոր է երթուղու գծումը, ուղղությունը որոշելը։ Ուսուցիչը պետք է նախապես զբաղվի դրանով, տեղյակ լինի, թե ո՞ւր է գնում, քննարկի հայրենագետների հետ, իմանա այդ երթուղու վրա գտնվող բոլոր հնավայրերի, եկեղեցիների, հուշակոթողների մասին, որպեսզի կարողանա ներառել նախագծի մեջ։

Այնուհետև պետք է հստակեցվի ճամփորդության օրը, ժամը՝ սկիզբը, ավարտը։

Հաջորդ քայլը պետք է լինի եղանակի տեսությանը հետևել, որպեսզի հագնվի համապատասխան և ունենա անհրաժեշտ պարագաներ։ Կարելի է օգտվել mes.am հավելվածից։

Երբ այս բոլոր քայլերը կատարված են, ճամփորդը սկսում է պատրաստվել, հավաքել ճամփորդական պայուսակը, անհրաժեշտ իրերը, ճամփորդողին հարմար հագուստը, կոշիկները, աղբի տոպրակները և ձեռնոցները, եթե ճամփորդությունը գիշերակացով է՝ նաև քնապարկը։

Ճամփորդը՝ նախքան ճամփորդության մեկնելը, պետք է ծանոթանա և հետևի որոշակի կանոննրի։ Կանոնները օգնում են խնդիրներից, անհաճո իրավիճակներից զերծ մնալ, ձևավորում են պատասխանատվության զգացում։ Ահա մի քանի կարևոր կանոններ, որոնք առաջարկում եմ կիրառել։

  • Ճամփորդը չի ուշանում
  • Ճամփորդը չի մոռանում անհրաժեշտ իրերը
  • Չի տրտնջում
  • Չի բողոքում
  • Հաղթահարում է դժվարությունը
  • Ճանապարհի կեսից հետ չի դառնում

Կանոնների շարքը ուսուցիչը ինքը կարող է ավելացնել կամ պակասեցնել, մշակել նորը։ Ես ինքս էլ, տարբեր խմբերի պահանջմունքից ելնելով, ընդարձակում եմ շարքը։ Եռօրյա ճամբարների դեպքում շարքը երկարում է՝

  • Կոկիկ ենք պահում միջավայրը
  • Ճամբարի տարածքից առանց հարցնելու չենք հեռանում
  • Հստակ հետևում ենք օրակարգին
  • Մասնակցում ենք բոլոր գործունեություններին
  • Հարգանքով ենք վերաբերում բոլորին՝ ընկերներին, ուսուցիչներին

Առանց կանոնների դժվար է լինում։ Կանոնները դասարանում էլ կարելի է կիրառել։

Բաժին 3

                             Մեկօրյա ճամփորդություններ

Ինչպես և պահանջում է կարգը, մեկօրյա ճամփորդությունը պետք է չանցնի 100 կմ հեռավորության սանդղակը։ Այնպես պետք է կազմակերպել, որպեսզի մինչև ժամը 19։00-ն լինի վերադարձը։ Ինչպես վերը նշեցի, ճամփորդությունները լինում են բազմաբնույթ։ Ուզում եմ ներկայացնել համագործակցային մի նախագիծ, որի շրջանակում իրագործեցինք էկո-համագործակցային նախագիծ, որին հաջորդեց համբարձման ծեսը Գետամեջ գյուղի դպրոցի, գյուղացիների հետ։ Ճամփորդության ընթացքում շատ կարևոր է տվյալ գյուղի, քաղաքի բնակիչների հետ շփումը, ծանոթությունը։ Հենց գյուղացին է՝ իր ստեղծած միջավայրով, բնորոշում  իր գյուղը, մշակույթը։ Չէ՞ որ յուրաքանչյուր գյուղ ունի իրեն բնութագրող, իրեն բնորոշ առանձնահատկություններ, բնավորության գծեր, իսկ դրանք ձևավորողը գյուղացին է։ Այսպիսի բացահայտումների լայն հնարավորություն է տալիս ուսումնական ճամփորդությունը։ Կրթահամալիրի սովորող-դասավանդողները սիրում են ճանաչել գյուղացիներին, որովհետև մենք յուրաքանչյուրս ինչ-որ թելով կապված ենք գյուղի հետ։ Իսկ գյուղը ավելի լավ ճանաչել կարող են տալ հենց գյուղի երեխաները։

Նախապես պայմանավորվածություն ձեռք բերեցինք դպրոցի ուսուցիչների, տնօրենի հետ, ներկայացրինք մեր նախագիծը և ստացանք հրավեր-համաձայնություն՝ համատեղ իրականացնելու էկո նախագիծը և ծեսը։

Էկո նախագծի նպատակը Հրազդան գետի հունը մաքրելն էր՝ Գետամեջ գյուղի տարածքում։ Գյուղից քայլքով պետք է սկսեինք մինչև Առինջի կամուրջի հիմքը հասնեինք և կամրջով թեքվեինք, մյուս ափով հետ գայինք։ Ճանապարհին հավաքեինք ամբողջ աղբը տոպրակների մեջ և մեզ  հետ բերեինք գյուղ։ Ինչպես նախագծով որոշված էր, այդպես էլ արեցինք։ Մեզ միացան գյուղի երեխաները հենց դպրոցից։ Միասին մաքրեցինք տարածքի աղբը, քայլեցինք, երգեցինք, շփվեցինք, ծանոթացանք, իրար հյուրասիրելով  սնվեցինք, կատակեցինք և կարևորեցինք այն գործը, որը մենք ենք անում։ Հետաքրքիր է, երբ գյուղի երեխաները իրենք են ոգևորված ծանոթացնում իրենց գյուղին, հուշարձանին, խոնարհված եկեղեցուն։ Դե իսկ միջավայրի խնամքը մշակույթ է, որը պետք է ձևավորել սովորողների մոտ՝ հուսալով, որ նրանցից էլ կփոխանցվի ընտանիքներին, հարևաններին, գյուղացիներին։

Էկո-համագործակցային նախագծի ամփոփումն՝ այստեղ։

Հաջորդ հանդիպումը՝ համբարձման ծեսին․ բաժանվեցինք՝ հանդիպման ակնկալիքով։

Համբարձման ծեսի նախագիծը ներկայացնում եմ  իբրև նախագծի օրինակ։ Տե՛ս՝ ստորև․

Նախագծի անվանումը՝ « Համբարձման ծեսը՝ Գետամեջ գյուղում»։

Եղանակը` Գետամեջում

Նախագծի նպատակը.

  • Համբարձման ծեսը Գետամեջ գյուղում
  • Միասնական Ջան Գյուլում, տնետուն, փողոցե փողոց, քայլք գյուղում
  • Քայլք Հրազդան գետի հունով՝ Գետամեջ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ` անցում կամրջակով, վերադարձ գյուղ՝ մյուս ափով` Գետամեջի դպրոցի համակարգող` Նազելի Քերոբյան
  • Այցելել Նոր Հաճնի եկեղեցի

Նախագծի խնդիրները.

  • գծել ճամփորդական քարտեզը, որոշել գյուղի հեռավորությունը Երևանից
  • հավաքել տեղեկություն Հրազդան գետի, Գետամեջ գյուղի մասին, տեղադրել բլոգներում
  • ճամփորդությունից ստացած տպավորություններով կիսվել բլոգներում

Նախագծի մասնակիցներ.

Արեւելյան դպրոցի 4_րդ դասարանցիներ

Պատասխանատուներ.

Արմինե Գոգինյան, Դիանա Ղազարյան

Նախագծի ժամանակահատվածը.

Մայիսի 26

Մեկնում՝ 9։30, Մայր դպրոցի կայանատեղիից

Վերադարձ՝ 16:00, Մայր դպրոցի կայանատեղի

Անհրաժեշտ իրերը.

Աղբի տոպրակներ, ձեռնոցներ, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան բաճկոն, արևապաշտպան գլխարկներ, ջուր,  միրգ, բրդուճներ, տեսախցիկ

Մասնակիցներ`

Այստեղ տեղադրվում է մասնակիցների ցուցակը։

Նախագծի  ընթացքում  նաև քննարկվեց փոխադարձ այց կազմակերպելու հարցը։ Նախատեսվում է իրականացնել առաջիկայում՝ ձմռան ճամբարի ընթացքում ։ Մեկ օր Գետամեջի դպրոցի սովորողները կանցկացնեն կրթահամալիրում մեր ճամբարականների հետ միասին, կմասնակցեն նախագծերին։

Յուրաքանչյուր նախագիծ, ունենում է նպատակ, ընթացք և ամփոփում։ Ճամփորդութական նախագիծը ևս ունենում է ամփոփում, ինչը կարևոր է հասկանալու համար, թե ինչը ստացվեց, ինչը՝ ոչ, ինչի՞ վրա պետք է աշխատել, ինչը պետք է շտկել, ինչը կարող էր չարվել։

Ամփոփումը՝ ստորև․

Համբարձման ծեսը Գետամեջում․ ամփոփում

Այս ճամփորդական նախագիծը ստացված եմ համարում՝ իր համագործակցային, բնապահպանական բաղադրիչներով։

Բաժին 4

                                  Բարձունքի հաղթահարում

Կրթահամալիրում իրականացվում են  նաև բարձունքի հաղթահարման նախագծեր։ Ըստ ուսումնական օրացույցի սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը՝ բարձունքին, 21-ին՝ Անկախության օրը՝ բարձունքին և մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը՝ բարձունքին, բարձունքներ նվաճելու օրեր են։ Հարյուրավոր սովորողներ, տասնյակ դասավանդողներ մեկնում են հանրապետության ամենատարբեր մարզեր՝ բարձունքներ հաղթահարելու։ Այստեղ օրնակ նախագծեր են․

Գիտելիքի օրը՝ բարձունքին

Հանրապետության օրը՝ բարձունքին

Ամփոփում․

Բարձունքը նվաճված է

Հանրապետության օրը՝ բարձունքին

Այլոց փորձից․

Սոնա Փափազյան՝ Մեղրաձոր՝ Թեժառույք

Մարիամ Մխիթարյան՝ Մեծ Շարա

Տիգրան Կարապետյան՝ Գիտելիքի օրը՝ Արագածի հարավային գագաթին

Ստելլա Մնացականյան՝ Բարձունքի հաղթահարում՝ Մայրավանք

Կրտսեր դպրոց և առաջին ճամփորդական քայլերը

Ճամփորդական քայլերը կրթահամալիրում սկսվում են արդեն 5 տարեկանների խմբերից։ Վերցնում են մատչելի, կարճ երթուղիներ։ Քայլքի համար նախատեսված երթուղին նախապես քննարկվում է, մշակվում։ Ունենք կազմակերպած և իրականացրած անթիվ օրինակներ։ Այստեղ Արևելյան դպրոցի դասվար Դիանա Գևորգյանի, 5 տարեկանների և առաջին դասարանցիների համատեղ  առաջին քայլքի նախագիծն է և ամփոփումը։ Արդյունքից ակնհայտ երևում է, որ իր նպատակներով, կանոններով, խնդիրներով այս նախագիծը մի քանի շեշտադրում  է կոնկրետ առաջ քաշել և  հետևելով դրանց, իրագործել։ Կեցցե՛ն 5 տարեկանները և առաջինները։

Սրանք առաջին քայլերն են, որոնց հաջորդում են արդեն ավելի դժվար ուղղություններ՝ Բարձունքի հաղթահարում.Օշականի Դիդի Կոնդ բարձունք։ Ամփոփումը։ Եվ այսպես, հաստատուն քայլերով արդեն դեպի հաջորդ բարձունքներ, քայլքեր, ճամփորդություններ։

                                              Բաժին 5

                                    Եռօրյա ճամփորդությունների կազմակերպում

Այժմ կխոսեմ եռօրյա ճամբարների իմ իրականացրած նախագծերի մասին։ Եռօրյա ճամբարները ևս ըստ Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման կարգի ուսումնական են, նախագծային։ Եռօրյա ճամբարները ևս ըստ իրենց բովանդակության լինում են բնապահպանական, հայրենագիտական, համագործակցային, մշակութային, ծիսական և այլն։ Իհարկե եռօրյա ճամբար կազմակերպելը ինքնին երկարատև և պատասխանատու գործ է, որին պետք է մոտենալ քայլ-քայլ, պատրաստվել  ինչպես կարգն է։ Կրթահամալիրում եռօրյա ճամբարների անհաշիվ օրինակներ ունենք՝ կրտսեր դպրոցից մինչև Ավագ դպրոց- վարժարանով Քոլեջ։ Մենք լավ փորձի կրողներ և տարածողներ ենք։ Եռօրյա ճամբարներ կազմակերպել եմ  բազմիցս՝ Արատեսի դպրական կենտրոնում, Վաղաշենում, Գյումրիում։ Ճամբարներից յուրաքանչյուրը տարբվում է մյուսներից, եթե անգամ նույն ուղղությամբ նախագծես, նույն նախագծերը իրագործես և նույն խնդիրները վեր հանես։ Ինչու՞, որովհետև ճամբարականների խմբերն են տարբեր լինում։ Յուրաքանչյուր սովորող, ճամբարական մի ինքնատիպ աշխարհ է՝ ուրիշ, չկրկնվող։ Ուրեմն՝ ընկալումն էլ է այլ լինում։ Հենց ճամբարականի շնորհիվ են ճամբարումները տարբերվում իրարից։

Իսկ ինչու՞ են ճամփորդությունները այդքան կարևոր մեր ուսումնառության մեջ։ Վերը նշել եմ բաղադրիչները, ուղղությունները։ Բայց դրանով չի ավարտվում շարքը։ Ուզում եմ առանձնացնել ինձ համար ամենակարևոր բաղադրիչը՝ սովորողին ճանաչելը։ Դպրոցում, առավել ևս միայն դասարանում շաբաթվա մեջ 90 րապե դաս անելը այնքա՛ն սուղ ժամանակ է դասարանում մոտավորապես 28 սովորողի ճանաչելը, նրանց ուժեղ և թույլ կողմերը վեր հանելը, նախասիրություններին ծանոթանալը և այսպիսի հազար ու մի կողմերով նրանց բացահայտելը։ Ես իմ սովորողին ճանաչում եմ ճամփորդությունների ընթացքում, երբ նա ազատ է, երբ ինքն է հենց՝ այնպիսին, ինչպիսին, որ կա։ Ազատության մեջ մենք բոլորս ենք բացահայտվում, և հաճախ իրար համար բացահայտում դառնում։ Եվ միայն ես չէ, որ ճանաչում եմ իրենց, իրենք էլ են իրենց ճանաչում․ նոր ընկերներ են ձեռք բերում, հին ընկերոջը թողնում կամ ավելի են կապվում իրար։ Բայց նրանց համար ամենամեծ բացահայտումը իրենց ուսուցիչ ընկերներն են լինում։ Ճամփորդությունների, հատկապես ճամբարումների ընթացքում նրանք գաղտնի աչքով հետևում, ճանաչում են մեզ՝ մեր շատ կարևոր գծերով։ Հսականում են, որ մենք էլ ենք մարդիկ, ովքեր կարող են ոգևորվել, հրճվել իրենց նման, ծիծաղել ու տխրել, հուզվել ու բարկանալ։ Մարդկային շփումները ևս ուսուցողական են, եթե կարողանում ես այն ճիշտ հարթության վրա դնել, առողջ և արդար հարաբերություններ կառուցել։ Սեբաստացի դասավանդողներն էլ՝ սովորողների նման, ճամփորդությունների արդյունքում շատ ընկերներ են ձեռք բերում և կորցնում։ Ես՝ ինքս, կրթահամալիրի ուսուցիչներից մեծ մասին ճանաչել եմ հենց Արատեսում՝ այնտեղ շատ եմ լինում․ մեղվանոցն է ստիպում։

                                              Բաժին 6

                                 Եռօրյա ճամբարներ՝ Արատեսում

Քանի որ Արատեսը ինձ համար այլ կանչ է՝ ջերմ, հարազատ, սիրելի, և առանց որի ես ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել իմ աշխատանքային գործունեությունը, ուրեմն և կներկայացնեմ արատեսյան եռօրյա ճամբարումների իմ նախագծերը։ Նախ նշեմ, որ 2021-2022 ուստարվա ընթացում իրականացրել եմ  13 եռօրյա ճամբար՝ Արատեսում և էլ ավելի շատ թվաքանակով ճամբարների մասնակից եմ եղել այնտեղ՝ այլ խմբերի հետ։

Ճամբարումը ուղղակի ճամփորդություն չէ։ Այն միքանիօրյա կյանք է՝ կենցաղավարությունից մինչև ամենատարբեր նախագծերի իրագործում։ Արատեսյան ճամբարների ուղղությունները այս ամառվա ընթացքում բոլոր խմբերի համար շատ կոնկրետ են եղել՝ անթափոն կենցաղ, միջավայրի խնամք, լող գետում, ուսումնական մեղվանոց, քայլք։ Սրանց վրա էլ կառուցվել են նախագծերը։ Այս ուղղությունների վերաբերյալ իմ պրեզենտացիոն նյութը ՝ Եռօրյա ճամբարներ Արատեսում։ Սրանց ավելանում է նաև Սմբատաբերդի հաղթահարումը, Ավագ և Միջին դպրոցների համար՝ Շատինավանքը, Ցախաց քարը։ Այս քայլքերը՝ 3-ից 8 կմ-ը, ևս բարձունքի հաղթահարման օրինակներ են, որոնք ներառված են եռօրյա ճամբարների բաղադրիչների մեջ։ Մյուս բոլոր ուղղությունները անշեղորեն  գործել են ողջ ամռան ընթացքում, երբ Արատեսը գրեթե  չի եղել միայնակ, նրա գրկում միշտ որևէ խումբ է եղել։ Այո՛, Արատեսը գիրկ է՝ մե՜ծ, հարազա՜տ, որը խնամքի և հոգատարության կարիք ունի, որտեղ այնքա՛ն բարեկարգման աշխատանքներ են արվել՝ միջավայրը էլ ավելի գեղեցիկ և տրամադրող դարձնելու համար։ Կրթահամալիրի առաջին սիրահար՝ տիար Բլեյանը, շատ կոնկրետ և գործնական է Արատեսի նկատմամբ։ Կա՞ գործ Արատեսում, պետք է արվի անհապաղ։ Արատեսի մասին անվերջ կարելի է խոսել, բայց այստեղ շեշտադրված է ճամբարի կազմակերպումը։ Ուզում եմ ներկայացնել մի եռօրյա ճամբար, որը իրականացրել ենք Շուշան Ալեքսանյանի Դիանա Ղազարյան հետ։ Նախքան նախագծին անցնելը, հարկ եմ համարում նշել միջառարկայական կապերի մասին։ Հայրենագիտությունը և բնագիտությունը հեշտ է կապել իրար հետ, բայց ավելացնել նաև ռուսերե՞նը․․․ Այսպես ոչ թե անիրական, այլ ավելի բազմաբնույթ և հետաքրքիր է ստացվում ճամբարը։ Մենք ունենք բազմաթիվ տարբեր առարկայական դասավանդողների կազմակերպած ճամբարների արդյունավետ համագործակցության  օրինակներ՝ պատմաբան-բանասեր, մաթեմատիկ-հայրենագետ, մարզիչ-կազմակերպիչ, օտար լեզվի մասնագետ- երաժիշտ, էկոլոգ- հասարակագետ և այլն։ Այս կապերը իրականում նույնիսկ անհրաժեշտ են՝ կարևոր։ Ես էլ եմ համագործակցում տարբեր մասնագետների հետ՝ ճամբարը հետաքրքիր կազմակերպելու համար։

Հայրենագետների ընտրությամբ գործունեության սովորողների և բնագետների համատեղ ճամբարի նախագիծը՝ այստեղ։ Ամփոփումն՝ այստեղ։

Ստորև առանձին կներկայացնեմ ամառային Արատեսյան ճամբարների  բոլոր նախագծային ուղղությունների մասին առանձին-առանձին։

Անթափոն կենցաղավարությունը մշակույթ է, որը լավ զարգացած չէ մեզանում։ Այն առավել գործուն և կենդանի դարձնելու համար՝ պետք է կյանքի կոչել, զբաղվել դրանով, իրագործել։ Արատեսում մայիս ամսին տեղադրվեցին արկղեր՝ նախատեսված պլաստիկի, ապակու, թղթի և չտեսակավորվող աղբի համար։ Դժվարորեն, քայլ առ քայլ, հետևողական աշխատանքի շնորհիվ աղբ տեսակավորելը մտավ մեր առօրյա։ Անթափոն կենցաղը  դարձավ ճամբարականների համար պատասխանատու և սիրելի մասը՝ իրենց օրվա։ Նրանք արագ էին յուրացնում, թե ո՞րը որտեղ պետք է գցել, իսկ վերջում ի՞նչ պետք է անել։ Պլաստիկը բերում էինք Երևան՝ համապատասխան արկղերի մեջ գցելու համար։ Թուղթը այրվում էինք խարույկի ժամանակ։ Ուտելիքի մնացորդը կամ շներին էինք տալիս, կամ հորում։ Նախագծում այս աշխատանքները պարզ երևում են։ Այս մշակույթը այսպես գուցե գնա և մտնի յուրաքանչյուրիս ընտանիք, հարևան- բարեկամի ընտանիք։ Սա մի փոքրիկ քայլ է մեր քաղաքը, գյուղը, երկիրը աղբից ազատելու համար։ Եվ այն բերել և դարձնել ճամբարի բաղադրիչ, նույնպես տիարի ջանքերից է։

Լող գետում՝ իսկակա՜ն վայելում, իրակա՜ն հրճվանք։ Ճամբարականի ամենասիրելի և սպասված ժամը՝ լողի ժամն է, երբ տրտնջալ չկա, գլուխ պահել չկա, բոլորը շտապում են առաջ անցնել, շուտ հասնել, գցվել գետը։ Գետի սառը ջուրը նրանց դուր է գալիս ամռան տապին։ Լողը համատեղում էինք նաև քայլքի հետ։ Արատեսյան քայլքին հաջորդում էր լողը։ Կրթահամալիրի առանձնահատկություններից մեկն էլ՝ լողը ուսումնական դարձնելն է, հնարավորություն ընձեռելը սովորողին լողալու՝ փակ լողավազանում, բաց լողավազաններում, գետում, լճում։

Ուսումնական մեղվանոցը ամռան ընթացքում շատ հյուրընկալ և բաց եղավ տարատարիք ճամբարականների համար։ Արատեսին նոր շունչ և գեղեցկություն տվող գունավոր փեթակները իրենց շուրջն էին հավաքում փոքրիկ մեղվապահներին և բացում անթիվ, անհամար գաղտնիքներ՝ մեղվաշխարհի, մեղրի ստեղծման և բնության մասին։ Ճամբարականները իրենց ուսուցիչների հետ հաճախ հետաքրքրությունից մոռանում էին անվտանգության կանոնների մասին, որոնց հետ նախապես էին ծանոթանում՝ մինչև մեղվանոց մտնելը և այնպես էին շրջապատում փեթակը, որ դաշտից բեռնավորված վերադարձող մեղուները խուճապահար էին լինում՝ արկանոցը չգտնելով։ Իսկ ես գոհանում էի, որ մեղվասերների մեծ բանակ է ձևավորվում։ Ճամբարականները մասնակցեցին  մեղվաբուծական աշխատանքներին՝ մեղվաընտանիքների պրոֆիլակտիկ ստուգումներին, նոր ընտանիքների ձևավորման աշխատանքներին, վերնահարկերի տեղադրմանը, մեղվապահի տուն-լաբորատորիայի մշտապես դասավորման, միջավայրի խնամքի աշխատանքներին։ Սակայն  չեմ կարող չառանձնացնել հենց մեղրաքամը, որպես՝ մի  ամբողջական բաց պարապմունք, որը տևեց 4 օր,և որին մասնակցեցին ամենատարբեր նախագծային խմբեր՝ արվեստի ճամբարը, Միջին դպրոցի խումբը, Ավագ դպրոցի խումբը, Արևմտյան դպրոցի  և Արևելյան դպրոցի խմբերը։ Մեղվանոցային ամենալավ լրատուն իհարկե Մեղու TV-ն է, որն անխափան աշխատում է ապրիլ ամսից ի վեր։

Միջավայրի խնամք․ «Ինչպես ընդունում ենք, մաքուր հանձնում ենք» կարգախոսով, անընդհատության շղթայի նման, խմբերը ընդուեցին և փոխանցեցին ճամբարային հերթափոխը։ Հարդարված, կոկիկ սենյակներ, խոհանոց, միջավայր․ սա դարձավ կարգ, որը մտավ ճամբարային պարտավորությունների ցանկ, պարտադիր լրացնելու թերթիկ, ինչը վերահսկվում էր տնօրենի գրասենյակի ղեկավարի կողմից։ Այսպես Արատեսը մնաց ուշադրության կենտրոնում ամբողջ ամռան ընթացքում՝ մաքուր, խնամված։ Կենցաղավարությունը նախագծով ճամբար բերելը և հետևողականորեն պահպանելը,  միայն կրթահամալիրում կարելի է  ուսումնական  դարձնել, ինչպես և վերը թվարկված ճամբարային բոլոր ուղղությունները։

Բաժին 7

                          Վաղաշենի բնապահպանական ճամբար

Սևանի ավազանը միշտ եղել է և մնում է կրթահամալիրի դիտակետում։ Ռազմամարզական ճամբարային ավան ունեցել ենք Ժայռում՝ մոտ 3 տարի, Ծովինարում՝ 1 տարի։ Բնապահպանական ճամբային ավան, որպես այդպիսին, Վաղաշենի ամառային ճամբարն է։ Այն տեղակայված է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից 1.5 կմ դեպի հարավ ՝ Սևանա լճի ափամերձ հատվածում։ Վաղաշենի ամառային ճամբարը գործում է արդեն երկրորդ տարին։ Ինչու՞ բնապահպանակն, որովհետև նրա հիմնական ուղղվածությունը Սևանի ափը աղբից ազատելն է։ Սևանը, կարծես, տնքում է աղբից, անզորությունից որքան հնարավոր է ալիքների հետ դուրս է նետում աղբը, բայց անօգուտ։ Մեր կապուտաչ գեղեցկուհին սեբաստացիական հոգատար ձեռքերի կարիքն ունի։ Սևանի մաքրությունը լրջագույն հիմնախնդիր է, և այն չէր կարող վրիպել տիար Բլեյանի ուշադրությունից։ Մտահոգությունը նրան տարավ հնարավոր բոլոր ափերը՝ ճամբարային ավան ստեղծելու նպատակով։ Վաղաշենը հարմար էր շատ առումներով, բայց կային նաև շատ դժվարություններ՝ խմելու ջուրը, խոհանոց, այլ։ Հարմարեցրինք, ստեղծեցինք մեր նոր կեցավայրը։

Վրանային բնապահպանական ճամբարի գլխավոր և հիմնական ուղղվածությունը ափը աղբից  մաքրելն է։ Օգոստոսի սկզբից անցած տարի, հուլիսի երեքից այս տարի իրար հերթափոխող ճամբարների առջև դրված էր օրը երկու-երեք անգամ  տարածքը մաքրելու հարցը։ Ճամբարականները լողազգեստներով՝ փոցխերը, բահերը, սայլակը տոպրակները ձեռքներին քայլում էին դեպի լիճ։ Մաքրություն, հետո՝ լող․ հստակ էր որոշված։ Իսկ սեբաստացիները սիրու՜մ են լողալ։ Բայց գործը մնում է գործ։ Աշխատանքային գործիքները  ձեռքից ձեռք էին անցնում։ Ով քիչ էր աշխատում, խռովում էր, որ իրեն երկար ժամանակ չտվեցին։ Ջանասիրաբար կույտեր էին անում, հետո լցնում սայլակի մեջ։ Իսկ, երբ հաջորդ օրը առավոտյան ափ էինք գնում, և էլի ափով մեկ աղբ էին տեսնում, խոժոռվում էին՝ ինչպե՞ս հնարավոր է, այս ափում միայն մենք ենք ապրում, ո՞վ է անում։ Նոր հասկանում էին, որ տարբեր ափերում լիճը թափվող աղբն է, որ ալիքները դուրս են շպրտում։ Սկսում էին քննադատել, ըմբոստանալ, հետո խաղաղվում էին ալիքների պես ու կրկին ու կրկին մաքրում, որ գոնե այս կերպ օգնեին մեր կենսականորեն անհրաժեշտ միակ լճին։ Սա է բնապահպանական հիմնախնդրի լուծման ուղին։ Ճամբարականը ինքն է խնդիրը տեսնում իր աչքերով, մտահոգվում, դրանք վերացնելու աշխատանքներին մասնակից լինում։

Բնապահպանական ճամբարում նույնպես անթափոն կենցաղավարություն էր։ Ճամբարականները հմտորեն տեսակավորում էին աբը։ Ովքեր ավելի հմուտ էին, օգնում էին մյուսներին։ Կային այնպիսի ճամբարականներ, ովքեր արդեն մի քանի հերթափոխ գալիս էին  և գիտեին ամեն մանրուքի մասին։

Ճամբարում անշուշտ այլ զբաղմունքներ և նախագծեր էլ էին իրականացվում՝ փայտի հայթայթում անտառից, խարույկի նախապատրաստում։ Նախագծերում երևում էին սպորտային տարբեր խաղեր, քայլքեր, հայրենագիտական նոր կանգառների որոնում, առաջարկ, համագործակցություն ՝ Մարտունի քաղաքի, Վաղաշեն գյուղի սովորողների հետ։

Ճամփորդական նախագծերում ավելի լավ են երևում անելիքները։

Վաղաշենի բնապահպանական ճամբարի իմ նախագիծը։ Ամփոփումը՝ այստեղ։

Սոնա Փափազյանի Վաղաշենի ճամբարների զարգացումների, համագործակցությունների և կարևոր ուղղությունների մասին՝ այստեղ։

Ճամբարների ընթացքում շատ են լինում մուտքի ճամբարի սովորողներ, ովքեր նոր են տեղափոխվում կրթահամալիր, և ճամփորդությունը իրար ճանաչելու ամենահարմար ձևն է։ Ամեն բան նոր է նրանց համար՝ միջավայրը, ուսուցիչներն ու սովորողները։ Եվ ճամբարները մեծ դեր են կատարում երկուստեք ադապտացվելու համար։ Փորձառու սեբաստացիները միշտ օգնող են այսպիսի հարցերում, որովհետև հյուրընկալ են, ներգրավող։

Բաժին 8

                                       Սեբաստացի ճամփորդող ընտանիքներ․

 Կրթահամալիրյան ճամփորդական փորձը խողովակի պես տարածվեց սեբաստացի ընտանիքերում։

Ճամփորդությունների հանդեպ սերը այնքան վարակիչ բնույթ ունի, որ դրանից ազատվելը արդեն անօգուտ և անհնար է դառնում։ Մեզ վարակել են մեր ավագ ընկերները՝ տիար Բլեյանը, տիար Գևորգը, մենք էլ վարակում ենք մեր կրտսեր ընկերներին՝ սովորողներին, նրանք էլ՝ իրենց ընտանիքներին։

Ընտանիքների ներգրավումը, նրանց մոտ էլ հայրենիքը ճանաչելու սեր ու մշակույթ ձևավորելը և փոխանցելը, իրագործվում է վստահության արդյունքում։ Ծնողը տեսնում է իր երեխայի ոգևորությունը ճամփորդություններից հետո, անպատմելի խանդավառությունը, այս կամ այն վայրի մասին նրա իմացությունը և․․․
Սերմը պարարտ հող գտավ․ կծլի, կաճի, որովհետև նա վստահեց իր երեխային, նրա ուսուցչին, դպրոցին։

Այստեղ Սոնա Փափազյանի հավաքած փաթեթն է՝ ընտանեկան դպրոցների իրականացրած ճամփորդությունների։

Ընտանեկան  դպրոցի ճամփորդապատումները․

Բաժին 9

                               Հետազոտական աշխատանքի ամփոփում

Այսպիսի դպրոց, այսպիսի ուսուցում։ Սա կյանքի դպրոց է՝ կենդանի, շոշափելի, հասանելի և հասկանալի։ Երբ գործիդ մեջ նվիրում կա, այսպիսի արդյունք է քեզ սպասում։ Նվիրումդ և սերդ այն են, որոնք չեն վրիպում սովորողիդ աչքից։ Եվ երբ նա որսում է դրանք, վե՜րջ, դու դառնում ես իր լուսատուն, այն մարդը, ում հետևից կգնա բոլոր բարձունքները նվաճելու։ Չէ՞ որ երեխաները ամենաուժեղ հաղորդիչներն են՝ տալիս են այն, ինչ ստանում են, ինչ դու ես տվել իրենց։

Հետազոտական աշխատանքում աշխատել եմ հնարավորինս անդրադառնալ բազմաբնույթ ճամփորդությունների այն կարևոր ուղղություններին, որոնք բնորոշ են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին՝ մեկօրյա ճամփորդություններ, բարձունքի հաղթահարում, եռօրյա ճամբարներ։

Մենք ճամփորդում ենք սովորելով, մենք սովորում ենք ճամփորդելով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բովանդակություն

Բաժին 1- Հետազոտական աշխատանք-էջ 2

Բաժին 2 –Ճամփորդությունների կազմակերպման կարգ-էջ 2

Բաժին 3-Մեկօրյա ճամփորդություններ-էջ 3

Բաժին 4- Բարձունքի հաղթահարում –էջ 8

Բաժին 5-Եռօրյա ճամփորդությունների կազմակերպում- էջ 8

Բաժին 6-Եռօրյա ճամբարներ Արատոսում-էջ 9

Բաժին 7- Վաղաշենի բնապահպանական ճամբար-էջ 11

Բաժին 8- Սեբաստացի ճամփորդող ընտանիքներ-էջ 13

Բաժին 9-Հետազոտական աշխատանքի ամփոփում-էջ 14

 

 

Օգտագործված գրականության ցանկ և հղումներ

Դպիր

Ուսումնական ճամփորդությունների կարգ

Դասավանդողների բլոգներ

Օգնող կայքեր

Leave a comment