Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է գետահայաց բլրի վրա։ Վերջերս անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են շինությունների հիմքեր, որոնք թվագրվում են միջին դարերով` հենց այդ ժամանակ էլ հիմնվել է վանքը։ Հայտնաբերվել են լավ պահպանված պատեր և լուսամուտների բարավորներ։ Եկեղեցու առջև մի քանի կոպտատաշ պարզ տապանաքարեր կան` յուրաքանչյուրի վերջնամասում հստակ երևացող անցքով։ Այդ անցքերի նպատակը պարզ չէ, թեև, որոշ գիտնականների կարծիքով, քարերը հնադարյան են և քրիստոնեությունից առաջ այստեղ պաշտամունքի վայր է եղել։ Մնացած քարերն ավելի ուշ շրջանի են, այդ թվում` գեղաքանդակ մի քանի խաչքարեր։

Եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. (1303 թ.) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտ.1242-1344 թթ.). և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուկների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։

Զորաց եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձանների շարքում առանձնանում է եզակի հորինվածքով։ Հայաստանում նման կառույցներ չեն պահպանվել։ Թաղածածկ կամ գմբեթավոր փակ սրահի փոխարեն եկեղեցին ընդհանրապես ներքին սրահ չունի. տանիքածածկ միակ հատվածները արևելյան խորանն ու նրան կից 2 ավանդատներն են, որոնցից ելք կա դեպի արևմտյան կողմի բացօթյա ընդարձակ բակը։ Եկեղեցին առանձնահատուկ է նաև նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված` մոտավորապես ձիուց իջնողի համար հարմար բարձրության։ Իրականում հենց այդ նպատակով էլ կառուցվել է։

Զորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցու օրհնանքն ու սուրբ հաղորդություն ստանային։ Մարտից առաջ զորքը և ձիերն օրհնելն ընդունված կարգ էր, բայց Հայաստանում հենց այդ նպատակով կառուցված ուրիշ եկեղեցի չկա։ Առանձնահատուկ է նաև հեծյալ զինվորի բացօթյա հրապարակ-աղոթասրահ մտնելու գաղափարը։

Եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ մոնղոլների պարտադրանքով հայոց զորքերը մամլուկների և թշնամի ցեղերի դեմ կռվելիս մասնակցում են Սիրիայի դեմ մղված հայտնի ճակատամարտին։

Եկեղեցին հիմնավերանորոգվել է 20-րդ դարում, և այժմ էլ այս տարածքում շարունակվում են պեղումները։